Ոստիկանության քրեական բաժնի հետախույզները մայիսի 6-ին խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի Դավթաշեն թաղամասի 26-ամյա բնակիչ Ռազմիկ Արզունյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մարտի 9-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի հետ խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի քաղաքացուց 49 գրամանոց ոսկյա շղթա է վերցրել եւ խոստացել, որ գումարը կտա մոտակա խանութներից մեկից վերցնելուց հետո: Սակայն շղթան ձեռքն առնելուն պես դիմել է փախուստի:
Ոստիկանությունում Արզունյանը խոստովանել է, որ բացի հիշյալ դեպքից, նաեւ այլ խարդախություններ է կատարել:
Փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում Ռազմիկ Արզունյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Արզունյանի հետ խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Սպարտակ Դանիելյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ապրիլի 5-ին փախուստի էր դիմել, նրան հայտնաբերել էին ապրիլի 29-ին:
Նշենք, որ Սպարտակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 178 հոդվածի 1-ին մասով, խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:











