«Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, մոսկովյան «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջեւան Չելոյանցը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում խոսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի վերջին հաջողության, հայկական ֆուտբոլի զարգացման ու խնդիրներիր մասին, ինչպես նաև  Մխիթարյանի, Օզբիլիզի ու Մովսիսյանի  մասին: :

Պարոն Չելոյանց, շնորհավորում եմ Ձեր առաջին նվաճման կապակցությամբ «Բանանցի» հետ: Ձեզ դուր եկա՞վ եզրափակիչը:

Երբ խոսքը հաղթելու մասին է, տպավորությունները միշտ էլ լավն են: Կարծում եմ՝ թիմի համար սա մեծ բան է: Եզրափակիչը շատ լավ էր կազմակերպված: 

Ի՞նչ ուղղություն է վերցնելու «Բանանցը» եկող մրցաշրջանում:

Կայացման ուղղություն, մենք շարունակելու ենք կառուցել թիմը:

Եզրափակչում թիմերի մեկնարկային կազմերում 22 ֆուտբոլիստներից 17 լեգիոներներ էին: Արդյոք այսպե՞ս պետք է զարգանա հայկական ֆուտբոլը: 

Ինձ համար ֆուտբոլիստները չեն բաժանվում հայերի եւ ոչ հայերի: Ֆուտբոլիստը մնում է ֆուտբոլիստ: Դուք երեւի գիտեք, որ «Բանանցի» ակադեմիայում մարզվում են 600 ավելի տղաներ, որոնց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հայեր են: 

«Բանանցը» «Փյունիկի» հետ միշտ եղել են այն ակումբները, որոնք ֆուտբոլիստներ են մատակարարել ազգային հավաքականի համար: Այժմ «Բանանցում» հիմնականում լեգիոներներ են խաղում: Ստացվում է հավաքականի խնդիրը կադրերի հետ ընթացքում կխորանա:

Ես միայն առաջին տարին եմ «Բանանցում» եւ  հայկական ֆուտբոլում: Որքան գիտեմ «Փյունիկում» չկան լեգիոներներ: Դա կարեւոր քայլ է թիմի համար: Նրանք շատ թեկնածուներ ունեն հավաքականի համար: Մեզ մոտ կա Բադոյանը, հուսամ տարիների ընթացքում  հավաքականում խաղացող ֆուտբոլիստների թիվը մեզ մոտ կավելանա:

Որտեղի՞ց առաջացավ «Բանանցով» զբաղվելու  գաղափարը:

Գործընկերոջս՝ Օլեգ Մկրտչանի հետ որոշեցինք վերցնել ռուսական թիմ` Արմավիրի «Տորպեդոն»: Հետո էլ որոշեցինք, որ ես պետք է ոչ միայն Ռուսաստանով սահմանափակվեմ, այլ նաեւ վերցնեմ «Բանանցը», որը ժամանակին իրեն էր պատկանում:

«Բանանցում» շատ բաներ է փոխվել նոր ղեկավարության հետ: Թիմն ավելի սիրված է դարձել երկրպագուների շրջանում: Դուք ինքներդ ինչ-որ խորհուրդներ տալիս եք թիմի ղեկավարությանը:

Ես իմ աշխատակիցներին միշտ էլ խորհուրդներ տալիս եմ, բայց չեմ բացահայտի դրանք:

Չեմ կարող չհարցնել «Ուլիսի» մասին: 2014 ամռանը փոխվեց «Ուլիսի»  ղեկավարությունը: Խոսակցություններ էին պտտվում, որ Դուք թիմի փայատերերից մեկն եք: Մի քանի ամիս առաջ թիմի սեփականատեր Վալերի Հովհաննիսյանը հարցազրույցում ասաց, որ Դուք պատրաստվում էիք ներդրումներ անել թիմում, բայց այդպես էլ չարեցիք:

Ես երբեք ոչ մեկին ոչ մի խոստում չեմ տվել «Ուլիսում» իմ մասնակցության վերաբերյալ: Ավելին, ես միակ մարդն էի, որ Հովհաննիսյանին համոզում էի չվերցնել «Ուլիսը»: Թեման փակված է:

Հայաստանում թիմ ստեղծելն ու պահելը մեծ ռիսկերի հետ է կապված: Երկար էիք մտածում մինչ վերցրիք «Բանանցը»:

Ռիսկ չկար: Իմ ու Օլեգ Մկրտչյանի համար սա ավելի շատ սոցիալական նախագիծ է: 

Այդ դեպքում ի՞նչ եք կարծում, ինչ կարելի է անել, որպեսզի Հայաստանի առաջնությունն ուժեղանա: Այս պահին կա միայն յոթ թիմ, շատ հնարավոր է նրանցից մեկն էլ շուտով դադարի գոյություն ունենալ:

Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ պետք է մտածի պետությունը, թե ինչպես կարելի կլինի լուծել այս հարցը: 

Իսկ եթե պետությունը չի զբաղվում:

Չէի ասի, թե չի զբաղվում: Կարծում եմ՝ ֆուտբոլի ֆեդերացիան անում է ամեն բան, որպեսզի ֆուտբոլի մակարդակը բարձրանա: 

Չեք կարծում, որ հայկական ֆուտբոլի համար ավելի լավ կլիներ, որ Գավաթի անցկացման ձեւաչափը փոխվեր եւ անցկացվեր ինչպես Անգլիայում, Իսպանիայում, որտեղ ցանկացած թիմ կարող է մասնակցել ու պարտադիր չէ, որ դա լինի Բարձրագույն խմբի թիմ:

Դրա համար պետք են հավելյալ ռեսուրսներ: Ինձ դժվար է դատել այդ մասին: Ես հայկական ֆուտբոլի մեջ չեմ, այլ միայն իմ թիմի:

«Բանանցում» կա՞ն ֆուտբոլիստներ, ում կարող եք առանձնացնել:

Կան, բայց չեմ առանձնացնի:

 Ի՞նչ կասեք թիմի անվանափոխման մասին:

Առաջին հերթին դեռ ոչ մի անվանափոխում չկա: Թիմի ղեկավարությունը կընտրի այն տարբերակը որի օգտին կքվեարկեն երկրպագուները:

Դուք ինքներդ նոր տարբերակի օգտին կքվեարկեիք:
Այո:

Կարելի՞ է իմանալ, «Բանանցի» ֆուտբոլիստներ ստանո՞ւմ են պարգեւավճարներ:

«Բանանցի» ֆուտբոլիստներ ստանում են պարգեւավճարներներ ոչ թե խաղերի, այլ վերջնական արդյունքի համար:

«Բանանցի» մարզչական շտաբը մյուս տարի նույնպես կաշխատի՞ թիմի հետ:

Համենայնդեպս այս պահի դրությամբ մենք նրանց հետ բաժանվելու միտում չունենք: Նրանք այդքան էլ երկար ժամանակ չէ որ թիմում են, որ նրանցից մեծ արդյունքներ սպասենք: 

Ի՞նչ եք կարծում ինչի հետ է կապված Հայաստանի ազգային հավաքականի ձախողումը Եվրոպայի առաջնության վերջին նախընտրական փուլում:

Ֆուտբոլը չի կարող զարգանալ երկրից առանձին: Հասկանալի է, որ երկրի առջեւ մեծ խնդիրներ կան դրված: Նույն խնդիրները ֆուտբոլում են, քանի որ ֆուտբոլը երկրի տնտեսական վիճակի հայելանման անդրադարձն է: Իսկ եթե խոսենք հենց ֆուտբոլի տեսանկյունից, ապա ինձ թվում է՝ մարզիչն այն չէր: Խոսքը Շալանդի մասին է:

Այսինքն՝ կարծում եք, որ առաջիկա տարիներին ոչ մի լավ բան չի սպասվում:

Ի՞նչ նկատի ունեք լավ բան ասելով:

Դե ասենք, ԱԱ-ի եզրափակիչ փուլ դուրս գալը:

Բոլոր երկրները երազում են դուրս գալ ԱԱ-ի եզրափակիչ փուլ, բայց միայն 32-ն են դուրս գալիս: Իմ կարծիքով ավելի կարեւոր է, որ թիմն ունենա խաղաոճ, եւ բոլոր ֆուտբոլիստները ամբողջ սրտով խաղան հավաքականի համար:

Կարծում եք չե՞ն խաղում:

Ոչ միշտ:

Օրինակ ե՞րբ չեն խաղում:

Ինձ շատ դուր չեկավ Ալբանիայի հետ խաղը: 

Հավատում եք, որ խաղը հանձնե՞լ էին:

Չգիտեմ… ինձ շատ դուր չեկավ Ալբանիայի հետ խաղը: 

Համաձա՞յն եք, որ Հայաստանի ազգային հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ:

Այո, ինձ շատ է դուր գալիս Միշել Տեր-Զաքարյանը: Հայաստանի առաջնությունում հավանում եմ Աբրահամ Խաշմանյանին: Բացեք աղյուսակը եւ կտեսնեք, որ լավագույն մարզիչը առաջին տեղում է:

Ինչ կասեք «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիզի մասին: Ինչպիսի՞ հեռանկարներ ունեն իրենց թիմերում:

Յուրան մինչեւ հիմա էլ «Սպարտակի» ֆուտբոլիստ է: Նա հանդես է գալիս վարձավճարով: Իսկ Արասը արդեն այլ թիմի ֆուտբոլիստ է:  Ինձ դժվար է դատել, ես գիտեմ, որ Յուրան շատ էր ցանկանում տուն վերադառնալ: Նա ցանկանում էր խաղալ «Սպարտակում», բայց ես նաեւ գիտեմ, որ նա ոչ մի հավաք չի անցկացրել «Սպարտակի» հետ: Նրա մոտ միշտ ինչ-որ բան ցավում էր: Աստված տա, որ նրա մոտ ոչինիչ չցավի մյուս թիմերում:

Նա չարդարացրե՞ց «Սպարտակի» երկրպագուների ակնկալիքները:

Ես կպատասխանեմ որպես «Սպարտակի» երկրպագու: Ես այլեւս թիմի բաժնետերերից չեմ, բայց մնացել եմ երկրպագու: Ձեր հարցում ավելի շատ պատասխան կա:

Երբ վերջին անգամ զրուցում էինք 2,5 տարի առաջ այն հարցին թե ով է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը, ասացիք՝ Արկադի Անդրեասյանը, բայց Մխիթարյանը կարող է անցնել նրան: Ինչ եք կարծում՝ այս պահին արդեն անցե՞լ է:

Ես այսպես կպատասխանեմ այդ հարցին: Կթվարկեմ տարբեր չափանիշներով իմ սիրած ֆուտբոլիստներին:  Իմ սիրած լավագույն հայ ֆուտբոլիստը Արկադի Անդրեասյանն է: ԽՍՀՄ ամենաուժեղ ֆուտբոլիստը Դավիդ Կիպիանին, ամենատաղանդավոր ֆուտբոլիստը Շարպուդի Ջունիդովը, սակայն նա մեծ ֆուտբոլում ոչ մի բանի չհասավ: Հայ ֆուտբոլիստներից ամենից շատ բանի հասել է Հենրիխ Մխիթարյանը: 

Հենրիխը լավ ֆուտբոլիստ է, բայց դեռեւս չեմ կարող նրա մասին ասել՝ Մեծ: Օրինակ ինչու է Մարադոնան Մեծ, իսկ Մեսսին ոչ: Մեսսին հանճար է, բայց Մեծ չէ: 

Ինձ համար Մեսսին Մեծ է:

Մարադոնան Արգենտինային դարձրեց աշխարհի չեմպիոն, իսկ Մեսսին՝ ոչ:

Երկրորդ տեղը հաշիվ չէ՞:

Ոչ, սպորտում բոլորը ցանկանում են լինել առաջինը: 

Ի՞նչ ապացուցեց անգլիական համեստ թիմ «Լեսթերի» հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում: 

«Լեսթերը» ապացուցեց, որ ֆուտբոլում ամեն բան չէ, որ փողն է որոշում, այլ ցանկությունը եւ բաց սրտով խաղալը:

Արմավիրի «Տորպեդոն» դուրս մնաց Ռուսաստանի Առաջին լիգայի մրցաշարից: Ի՞նչ ծրագրեր ունեք թիմի հետ եկող մրցաշրջանում:

Կառուցել ենք թիմ:

Կարպինի՞ հետ:

Հնարավոր է Կարպինի հետ: Մրցաշրջանը ավարտվի կհավաքվենք ու կքննարկենք:

Վերա Մարտիրոսյան