Հայաստանում գալիք Digitec բիզնես ֆորումի ընթացքում հիմնական շեշտադրումն արվելու է երկրի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝ Հայաստանի ԶՈւ ու UITE–ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն արդեն աշխատում է գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:
Այդ թեմայով քննարկումների ընթացքում դիտարկվելու են երեք խնդիրներ.
Կարճաժամկետ լուծումների որոնում ( հինգ ամսվա ընթացքում՝ սկսած ապրիլից ) տվյալ ոլորտում Ադրբեջանին դիմակայելու համար: Խոսքը նոր տեխնոլոգիական սպառազինությունների գնման եւ արդեն եղածի արդիաականացման մասին է: Եվ այս արդիականացման հարցում, Կարեն Վարդանյանի խոսքով, շատ կարեւոր է ՏՏ ոլորտի դերը:
Միջնաժամկետ լուծումների որոնում. ինչպես ՏՏ ոլորտի նվաճումների հիման վրա ստեղծել ռազմական արդյունաբերություն: Կարեն Վարդանյանի պատկերավոր արտահայտությամբ՝ «պատերազմն այսօր արդեն ավտոմատների մարտ չէ, այն տեխնոլոգիաների մարտ է» Եվ այս համատեքստում ՏՏ ոլորտի դերը պաշտպանության հարցում պետք է արմատապես փոխվի: Պետք է հասկանալ ՝ կոնկրետ ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի օգտագործվի ՏՏ ոլորտի առկա ներուժը:
Երկարաժամկետ լուծումների որոնում: Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչ ռազմական արդյունաբերություն ենք մենք ուզում ունենալ 15-20 տարի հետո, ու ինչ է պետք դրա համար անել հիմա:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչները ակտիվ կմասնակցեն այդ քննարկումներին ու ֆորումն ավարտելուց հետո մենք ավելի լավ կողմնորոշված կլինենք, թե ինչպես ապագայում կատարելագործենք այդ ուղղությամբ մեր աշխատանքը»,- ասել է Կարեն Վարդանյանը:
Ինչպես նշել է UITE նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ այս հարցում այսօր կա Հայաստանի ՏՏ ընկերությունների համախմբում, ու արդեն կան շատ առաջարկներ ու լուծումներ, որոնք ակտիվ քննարկվում են Պաշտպանության նախարարության հետ: «Մենք հույս ունենք, որ բիզնես ֆորումի ընթացքում մենք կկարողանանք որոշակի լուծումներ ներկայացնել հենց կարճաժամկետ հեռանկարի համար, որոնք իրենց կիրառումը կգտնեն պաշտպանության ոլորտում, ու նման լուծումներ արդեն կան»,- ասել է նա:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կոնկերտ ինչ աառաջարկներ կան, Ալեքսանդր Եսայանը նշեց, որ կոնկրետ առաջարկները ներկայացվելու են ֆորումի շրջանակում, իսկ այսօր այդ մասին խոսելու համար դեռ շուտ է:
Digitec ավանդական ամենամյա բիզնես ֆորումը Երեւանում կանցնի հունիսի 17-18-ը:



























