Այս տարի հունիսի 17-18-ը Հայաստանում կայանալիք Digitec բիզնես ֆորումի ձեւաչափը մի քիչ կփոխվի: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, ֆորումի անցկացման վայրի փոփոխության պատճառով (այն անցնելու է «Էլիտ պլազայում») հայկական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումների ավանդական ցուցահանդես չի լինի: Ֆորումը անցնելու է կլոր սեղանների ու քննարկումների ձեւաչափով, իսկ քննարկումների հիմնական թեման ռազմաարդյունաբերական համալիրն է լինելու: Բացի դրանից քննակվելու են ՏՏ տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում կիրառելու հնարավորությունները եւ նյույորքյան ներդրումային համաժողովին Հայաստանի մասնակցության նախապատաստումը:

Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պարզաբանել է, որ գալիք բիզնես ֆորումի ընթացքում ութ թեմատիկ քննարկումներ են լինելու, որոնցից են նաեւ ԱՊՀ երկրների Cleantech տարածաշրջանային հարթակի ձեւավորումը, նոր սերնդի բանկային համակարգը, էլեկտրոնային կառավարումը, կիբերաանվտանգությունը, նաեւ հայ- գերմանական բիզնես ֆորումը եւ այլն: Ակնկալվում է 70 կազմակերպությունների մասնակցություն: Ֆորումը անցնելու է Հայաստանի վարչապետի հովանու ներքո՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսով:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կարեն Վարդանյանը պարզաբանեց, որ նյույորքյան ներդրումային համաժողովը ենթադրում է հանդիպում մի շարք խոշոր ներդրողների հետ ու մեր խնդիրն է գտնել այն ընկերությունները, որոնք խոշոր ներդրումների կարիք ունեն ( 5 մլն-ից ավելի): Այս համաժողովին մասնակցությունը հետաքրքիր է այն ՏՏ ընկերություններին, որոնք իրենց սեփական ապրանքն ունեն, ու նման ներդրումների կարիք ունեն իրենց ապրանքները արտաքին շուկա դուրս բերելու համար: Այդ ընկերությունների ընտրությունը կկատարվի Երեւանում բիզնես ֆորումի ընթացքում :

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ մենք հիմա չունենք այդպիսի խոշոր նախագծեր, բայց կարող ենք մի քանի նախագծեր միավորել եւ մեկ միասնական նախագիծ ներկայացնել նյույորքյան համաժողովում ու այդ նպատակով UITE–ն առկա առաջարկների «ինվենտարիզացիա» է անցկացրել: