Հայաստանի համար այսօր հրատապ է ստեղծել մի հարթակ, որտեղ բիզնեսն ու գիտական միտքը կարող են համագործակցել: Այս մասին մայիսի 11-ին լրագրողներին ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նրա խոսքով, այդ համագործակցությունում պետք է ակտիվ ներառվեն փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունները:
Ներկայացնելով Երեւանում հունիսի 17-18-ը կայանալիք Digitec բիզնես ֆորումի հերթական ծրագիրը, Էմիլ Տարասյանը նշեց, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչին էլ հենց նպաստում է տվյալ ֆորումը, այսօր առավել քան հրատապ է Հայաստանի համար: Եվ ոչ միայն ռազմաարդյունաբերական համալիրում:
«Դուք գիտեք, որ շատ երկրներ, օրինակ Իսրայելը, սկսել են ռազմաարդյունաբերական ոլորտից, սակայն այդ մշակումները կիրառում են ստացել նաեւ քաղաքացիական կյանքում, գյուղատնետսության ու տնտեսության այլ ոլորտներում»,- ասել է նա: Այսօր, նրա խոսքով, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ստանձնել է ներդաշնակ համակարգ ստեղծելու դեր, որտեղ գիտելիքը կապակցվելու է բիզնեսի հետ, անկախ կիրառման ոլորտից:
«Մենք ամեն օր շփվում ենք փայլուն գիտնականների հետ, որոնք սակայն իրենց գործունեության տեսակից ելնելով՝ ձեռներեցության ունակություններ չունեն: Հայաստանի համար շատ հրատապ է ստեղծել հարթակ, որտեղ բիզնեսն ու գիտական միտքը կկարողանան համագործակցել: Եվ այստեղ պետք է ներառվեն փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունները: Այս հարթակի ստեղծման աշխատանքները արդեն իրականացվում են: Այն պետք է ներառի բոլոր այն կառույցներին, որոնք այսօր աշխատոմ են տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Սա կհանգեցնի ֆինանսների օպտիմալացմանը, ու տնետսության մեջ մեր մտահղացումների գործածումն ավելի նպատակային կդարձնի»,- ասել է նա:


























