Մեկ տարվա ընթացքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» աննախադեպ օրենքի շնորհիվ Հայաստանում լիցենզավորված սթարթափ ընկերությունների թիվը կազմել է 95, իսկ նոր աշխատատեղերինը՝ 450: Այդ ընկերությունների շրջանառությունը շուրջ 2 մլն դոլար է: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Նրա գնահատմամբ, սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրման արդյունքում Հայաստանում սթարթափերի թիվն ավելացել է շուրջ 5 անգամ, եւ դրանք լուրջ ձեռնարկություններ են, որոնց իրական կարեւորությունն ակնհայտ կդառնա մի քանի տարի անց:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ՏՏ-ի զարգացմանն աջակցության հարցերի Խորհրդր վերջին նիստում Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՏՏ ոլորտի ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրելու օրենսդրական նախաձեռնություն է առաջարկվել:

Նա պարզաբանեց, որ օրինագիծը փոփոխություններ է նախատեսում երկու օրենքներում: «Եթե ՏՏ ձեռնարկությունը մասնաճյուղ է բացում սահմանամերձ համայնքներում, այն պետք է լուրջ հարկային արտոնություններ ստանա շահութահարկի մասով: Կարծում ենք, որ բազմաթիվ ձեռնարկությունների դա կհետաքրքրի, եւ նրանք իրենց գործունեության մի մասը կտեղափոխեն սահմանամերձ համայնքներ»,- ասաց նա:

Կարեն Վարդանյանը նշեց, որ ԱՄՆ-ում ՏՏ ոլորտում մեկ աշխատատեղը 8-9 հազար նոր աշխատատեղ է ստեղծում այլ ոլորտներում: Մեզ մոտ այդ թիվը կրկնակի պակաս է, բայց դա, ամեն դեպքում, լուրջ ներդրում է, եւ կարող է ներգաղթի լուրջ խթան հանդիսանալ:

UITE-ի ղեկավարը հիշեցրեց, որ իր ղեկավարած Միությունը ծրագրում է մինչեւ 2019 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծել, իսկ մինչեւ 2022-ը դրանցում 15 հազար նոր աշխատատեղ կստեղծվի: