Ամերիկյան Apple ընկերությունը նորից գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը։

Forbes-ը Apple-ի կարողությունը գնահատում է ավելի քան 154 մլրդ դոլար։ Ընկերությանը հաջորդում է Google-ը՝ 82.5 մլրդ դոլարով։ Երրորդ հորիզոնականում է Microsoft ընկերությունը՝ 72.5 մլրդ դոլար  կարողությամբ, այնուհետեւ գալիս են Coca-Cola-ն՝ 58.5 մլրդ դոլարով եւ Facebook-ը՝ 52.6 մլրդ դոլար կարողությամբ։

Forbes-ը նշում է, որ չնայած վերջին ժամանակներս Apple-ի ֆինանսական ցուցանիշները հիասթափեցնող են, սակայն ապրանքանիշը շարունակում է առաջատար մնալ։ Փորձագետները ընկերության շահույթի մոտ 13 տոկոսանոց անկումը բացատրում են վերջին iPhone-ների վաճառքի տեմպերի նվազմամբ։

Ամսագիրը նշում է, որ այդուհանդերձ Apple-ը շարունակում է յուրահատուկ ապրանքանիշ մնալ, որն իրական մրցակիցներ ուղղակի չունի։ Ընդ որում, ընկերությունն այս վարկանիշը գլխավորել է Forbes-ի կողմից այս հաշվարկը վարելու բոլոր 6 տարիների ընթացքում։

Երկրորդ տեղում հայտնված Google-ը շատ է հետ մնում Apple-ից, թեպետ տարբերությունն աստիճանաբար կրճատվում է։ Այս տարի Google-ի ապրանքանիշը 26 տոկոսով թանկացել է։

25 ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակում են նաեւ IBM-ը եւ Intel-ը, Toyota, BMW, Mercedes-Benz եւ Honda ավտոկոնցեռնները, Disney ընկերությունն ու McDonalds-ի արագ սննդի ցանցը։