Opera բրաուզերն իր  նոր տարբերակում էներգախնայողության ռեժիմ կմտցնի։ Ընկերության հայտարարության համաձայն՝ նորարարությունը կօգնի առանց լիցքավորման նոթբուքի աշխատանքը 50 տոկոսով երկարաձգել։

Համակարգչից կախված՝ դա կարող է նշանակել հավելյալ մի քանի ժամ աշխատանք։

«Լիցքաթափված մարտկոցը ամենատհաճ երեւույթներից մեկն է, որը կարող է պատահել համացանցում»,- ասված է Opera-ի բլոգում։

Եթե նոթբուքն առանց սնուցման լարի է, բրաուզերի հասցեի տողի կողքին մարտկոցի նշան է հայտնվում, որի վրա սեղմելիս միանում է էներգախնայման ռեժիմը։ Այդ գործառույթը ավտոմատ կերպով միանում է, եթե համակարգչի լիցքը 20 տոկոսից պակաս է լինում։

Մարտկոցի լիցքի տնտեսումը հնարավոր է դարձել Opera-ի որոշ պրոցեսների օպտիմալացման, մասնավորապես ֆոնային պատուհանների փոքրացման,  կադրերի հաճախականության կրճատման, անիմացիաների դադարեցման շնորհիվ։