Հայաստանում հեռահաղորդակցման սարքավորումների նոր արտադրող կհայտնվի՝ «Էս Ջի Էս» ՍՊԸ-ն։ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ընկերության աշխատանքի հայտը հաստատվել է մայիսի 12-ին՝ Կառավարության նիստում։
Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է ռադիոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցման ավիաշինարարության եւ առողջապահության համար կապի միջոցների արտադրություն կազմակերպել։ Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում արտահանման ծավալը կկազմի 30 մլն դոլար, որից 70 տոկոսը՝ ԵՏՄ երկրներ, իսկ 30 տոկոսը՝ Մերձավոր Արեւելք։ Առանձին պատվերներ կընդունվեն նաեւ հնդկական եւ չինական շուկաների համար։
Արտադրության մեջ ներդրվելու է 2.5 մլն դոլար։ Ընկերությունը կստեղծի 30 աշխատատեղ 420 դոլար միջին աշխատավարձով։





























