Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ նմանությունները եւ փոխադարձ համակրանքը հանդիսանում են այն հիմքը, որի վրա պետք է զարգանան մեր ժողովուրդների հարաբերությունները: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Շվեյցարիայի Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ, ձեւավորվել է բովանդակալից եւ բավականին ընդգրկուն օրակարգ:

Ձեւավորված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ :

Նա անդրադարձավ 2008 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի Հայաստան այցին, նշելով, որ այն նոր որակ եւ լիցք հաղորդեց խորհրդարանական կապերին: Դա պայմանավորված էր նաեւ շվեյցարական խորհրդարանական խմբի կազմով, որում ընդգրկված են ինչպես  Շվեյցարիայի հիմնական քաղաքական կուսակցությունների գործող նախագահներ եւ փոխնախագահներ, այնպես էլ Շվեյցարիայի Դաշնային ժողովի խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներ:

Տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` նշել է, որ իր երկիրը կշարունակի միջնորդական առաքելությունն ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Նա կարեւոր է համարել տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության հաստատումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ Շվեյցարիա մեկնած հայկական պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը եւ  Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը: