Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը որոշում է կայացրել թույլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին հոկտեմբերի 1-ին Անիի մայր տաճարում ուրբաթօրյա նամազ իրականացնել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշը հայտնել է, թե Անիում իրականացվելիք ուրբաթօրյա նամազի նախապատրաստությունը կավարտվի այսօր՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան։

«Նահանգապետարանից ստացել եմ մշակույթի եւ տուրիզմի նախարարության թույլտվությունը՝ ուրբաթօրյա նամազն իրականացնել Անիի Ֆեթհիյե մզկիթում (Անիի մայր տաճար)։  1064-ի օգոստոսի 16-ին Ալփարսլանը գրավեց Անին, որից 4 օր հետո տաճարի խաչը իջեցրեց եւ ուրբաթօրյա նամազ արեց։ Մենք էլ 946 տարի հետո Անիում ուրբաթօրյա նամազ կանենք։ Նամազի համար անհրաժեշտ բոլոր պարագաները պատրաստ են»,-նշել է թուրք ազգայնականը։

Նշենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին օրեր առաջ հայտարարարել էր, թե ի հակադրություն Աղթամարի ՚Ս. Խաչում իրականացված պատարագի, ինքն Անիի, իր խոսքով ասած, Ֆեթհիյե մզկիթում պատրաստվում է նամազ անել։

Հիշեցնենք, որ շատ մասնագետների կողմից Կովկասի ճարտարապետության զարդը համարվող Անիի մայր տաճարի շինարարությունն սկսվել է հայոց արքա Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդե թագուհու օժանդակությամբ 1001 թվականին։  Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը։