Ադրբեջանում տեղական իշխանությունները ճնշում են բանեցնում մայրաքաղաքից դուրս ընտրատարածքներում ընդդիմադիր կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների վրա: Ինչպես Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության ներկայացուցիչները, իրենք ընտրություններին մասնակցելու են 70 թեկնածուներով, սակայն «սկսած ընտրական գործընթացի սկզբից իրենց թեկնածուների վրա որոշակի ճնշում է  գործադրվում»:

Կուսակցության ընտրական հարցերով քարտուղար Ռաշադ Բայրամովը հայտարարել է, թե տարածաշրջաններում գտնվող ընտրատարածքներում իշխանությունները բացասական վերաբերմունք են դրսեւորում թեկնածուների առաջադրման համար ստորագրություններ հավաքող անձանց նկատմամբ:

Կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել ընտրարշավը որոշ տարածքներում, իսկ դրա պատճառը ճնշումներն են: Բայրամովը նշել է նաեւ, որ եթե իշխանությունները շարունակեն ճնշում գործադրել, իրենք կբոյկոտեն ընտրությունները:

Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: