Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 28-ին մայրաքաղաքի դեղատներից մեկում կատարված գողության դեպքի մասին:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ապրիլի 28-ին անհայտ անձը կամ անձինք մտել էին Անդրանիկի փողոցի դեղատներից մեկն ու գողացել մեծ քանակի դեղորայք:
Երբ ուսումնասիրել էին դեպքի վայրում առկա տեսախցիկները, պարզվել էր, որ գողությունը կատարել է դեղատան սեփականատիրոջ դստեր կնքահայրը՝ Սուրեն Մուրադյանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ու ցուցմունք տվել: Ըստ Մուրադյանի՝ ինքն այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով. նախորդ օրը պարտքով գումար էր խնդրել ընկերոջից եւ մերժում ստանալով՝ որոշել գողություն կատարել նրա դեղատնից:
Սուրեն Մուրադյանին այդ հարցում օգնել է ընկերը՝ Արամ Սեդրակյանը: Նրանց մեքենայից հայտնաբերվել է գողոնը՝ մոտ 9 մլն դրամի դեղորայք:
Սուրեն Մուրադյանն ու Արամ Սեդրակյանը կալանավորված են: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











