Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած փաստ դրական նշանակություն կունենա, քանի որ շփումների բացակայությունն ավելի շատ է նպաստում շփման գծում իրավիճակի վատթարացմանը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիության ինտիտիուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։
Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը կարող էին դասեր քաղել 2016թ. ապրիլի դեպքերից, մասնավորապես, ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելուն։ «Ե՛վ ռուսական կողմը, ե՛ւ ամերիկացի գործընկերները բազմիցս խոսել են հակամարտության քաղաքական կարգավորման մասին։ Սակայն հիմա խոսքը վստահության միջոցների ամրապնդման եւ մշտապես խախտվող հրադադարի ռեժիմի ամրացման մասին է, որն անժամկետ բնույթ է կրում։ Ես կարծում եմ, որ հիմա դժվար թե նման հանդիպումների ժամանակ հնարավոր է գլոբալ հարցերի քննարկումը»,- նշել է Արեշեւը։
Քաղաքագետը կարծում է, որ հիմա առաջին հերթին պետք է քննարկել մարտական գործողությունների էսկալացիան կանխող հարցերը եւ հրադադարի գոնե հարաբերական կայունության ապահովման հուսալի մեխանիզմների ստեղծումը։




























