Ներքին Հոռաթաղի գյուղապետ Արթուր Մնացականյանն իր երկու անչափահաս երեխաներին, կնոջն ու տարեց մորը գյուղից մեկ օրով էլ չի հանել:

«Մեր գյուղի վրա որ սկսեցին կրակել, մարդիկ երեխաներին ստիպված տարհանեցին: Ես իմ հինգ տարեկան երեխուն չեմ հանել, որ մարդիկ ավելի խուճապի մեջ չընկնեն,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Արթուր Մնացականյանը, որը պատերազմի առաջին օրը որպես կամավորական դիրք էր բարձրացել:

Ներքին Հոռաթաղն ադրբեջանցիները վերջին անգամ արկակոծել են ապրիլի 27-ին. գյուղում ընկած երկու արկը վնասել էր էլեկտրասյուներն ու երկու տուն: Այսօր արդեն ներքին հոռաթաղցիները կամաց-կամաց վերադառնում են իրենց բնականոն կյանքին: Թեեւ երեխաները դեռ գյուղ չեն վերադարձել, կանայք այստեղ են, իսկ տղամարդիկ դիրքեր են բարձրացել: Գյուղապետն ասում է` մի քանի օրից բնակչության կեսից ավելին արդեն այստեղ կլինի:

«1992թ. գնացել ենք, հետ եկել ու տեսել, որ մեր տները թալանած են, պատուհանները չկան, տեղաշոր չի եղել, որ քնենք: Ոչ մի բան չի եղել: Հիմա ոչ մի տեղ չենք գնացել: Որ կրակում են, գնում ենք ապաստարաններ կամ նկուղներ»,- ասում է տիկին Անուշիկը, որը հարսը երկու թոռների հետ նույնպես գյուղում է:

Նշենք, որ Ներքին Հոռաթաղը գտնվում է Մարտակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Արդեն մի քանի օր է՝ գյուղի ուղղությամբ չեն կրակում: