Կրթության ոլորտում գիտելիքներին զուգահեռ կարեւոր է հոգեւոր արժեքների փոխանցումը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովը։
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Սեմյոնովի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանը:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց միջպետական մակարդակի վրա կրթական ոլորտում ձեւավորվող գործակցության համար, ապա անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատմական դերակատարությանը կրթության կազմակերպման գործում եւ կրթադաստիարակչական ոլորտում ծավալվող ներկայիս գործունեությանը: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշեց, որ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը սերտորեն համագործակցում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ, իրականացվում են համատեղ ձեռնարկներ: Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող երկու հանրակրթական դպրոցների ու Հայորդյաց տների գործունեության, ինչպես նաեւ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնց թվում եւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հետ առկա գործակցության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ համագործակցությանը, որի շրջանակներում կատարվում է ուսանողների փոխանակում հոգեւոր կրթական հաստատությունների միջեւ:
Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը կարեւոր նկատեց իր այցը բարեկամ Հայաստան Հանրապետություն եւ խոսեց ուսանողների հետ տարվող համակողմանի կրթադաստիարակչական աշխատանքի, մասնավորապես, սոցիալական ծառայության ոլորտում ուսանողների ակտիվ ներգրավման մասին:
Տիար Ալեքսեյ Սեմյոնովը տեղեկացրեց համալսարանի եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջեւ ձեւավորված ամուր կապերի մասին` ընդգծելով կրթության ոլորտում գիտելիքներին զուգահեռ հոգեւոր արժեքների փոխանցման առաջնահերթության մասին:
Զրույցի ընթացքում ռեկտորը նաեւ իր ցավն արտահայտեց այս օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանագծին տիրող իրավիճակի առիթով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:





























