Անգլիայի եկեղեցին մտադիր է ներդնել միլիոնավոր դոլարներ Alphabet հոլդինգում, որը Google–ի սեփականատերն է, հայտնում է The Times–ը: Ընկերությունում ներդրումների ճշգրիտ ծավալն անհայտ է մնում:
Alphabet հոլդինգը, The Times-ի տեղեկություններով, նշված է «20 ամենակարեւոր հրապարակային ընկերությունների» ցուցակում, որոնց մեջ ներդրումներ է անում անգլիկանյան եկեղեցին: Միաժամանակ Եկեղեցին հրապարակավ խոստացել է պայքարել այն ֆիրմաների դեմ, որոնք հարկերը չեն վճարում:
Հունվարի վերջին մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարետ Վեսթագերը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է ստուգել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ կորպորացիայի հարկային համաձայնագիրը, ըստ որի Google–ը պարտավորվում է 130 մլն ֆունտ ստերլինգ վճարել հարկային օպտիմալացման կապակցությամբ: Ընկերությունը նաեւ համաձայնել է ավելացնել իր հարկային վճարները բրիտանական գանձարանին: Այսպիսով ընկերությունը արձագանքել է բրիտանական իշխանությունների մեղադրանքներին այն մասին, որ հարկային բարդ սխեմաների պատճառով ինքն անբավարար է վճարում հարկերը, հայտնում է «RNS»–ը:




























