Իշխանությունը քաղաքական կոմֆորտի հարցն է լուծում, չունի արգումենտներ Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Նման քայլերը համարձակություն են պահանջում: Իշխանության համար էսպես կոմֆորտ է: Կառավարությունը մերժել է «Արցախի ճանաչման մասին» նախագիծը, իսկ լրագրողներին հրամցնում է, թե իբրեւ կողմ է»,-ասաց նա:
Բագրատյանը շեշտել է, որ իրեն հայտնի չէ, որ այդ հարցի վերաբերյալ միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշում ունի: «Միջազգային հանրությունը միայն Լավրովը չէ: Մենք ասում ենք՝ եկեք հարցը քննարկենք, իրենք ասում են՝ չէ: Ոչ թե որ ճանաչենք, այլ քննարկենք: Չքննարկե՞նք, օրական երեք երեխա է մահանում: Մենք հաշվել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս դեպքում հաջորդ պատերազմը Ադրբեջանը կսկսի մի քանի ամիս հետո:
Հարցին, թե ինչ կտա ԼՂՀ ճանաչումը, եթե էական է ոչ թե Հայաստանի, այլ միջազգային հանրության կողմից ճանաչումը, Բագրատյանը պատասխանեց. «Իշխանությունը արգումենտ չունի, նրանք ընդհանրապես պատասխան չունեն: Եղել է պատերազմ, հակառակորդը խախտել է հրադադարի պայմանագիրը, առաջ է եկել: Ի դեպ ասեմ՝ կանգնեցրել ենք, չենք պարտվել, բայց հաջորդ անգամ կարող է պարտվենք, ու էսքանից հետո մենք չենք ճանաչում Ղարաբաղը: Չեմ ուզում ասեմ, թե ինչքան մարդ է էս ընթացքում դուրս եկել էնտեղից ու էդ մարդիկ չեն ուզում գնան, պահանջում են՝ ասել, որ մենք Հայաստանի մասն ենք: Ճանաչումը չի նշանակում բանակցությունը դադարեցնել, չբանակցել: Այլ հարց է, որ իհարկե, Լավրովի, Քերրիի դուրը չի գալիս, եւ սրանք ստիպված են հաճոյանալ նրանց: Բայց էստեղ է, որ պետական այրը պետք է դրսեւորի իր հավատարմությունը Սահմանադրությանը, որը չկա, արգումենտ մենք չենք տեսել»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա նկատեց, որ իշխանության այն փաստարկը, թե ճանաչելուց հետո, բանակցություն չի լինի, սուտ է:
Նշենք, որ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի Արցախի անկախության ճանաչման նախագիծն այսօր չի մտել մեծ օրակարգ, կողմ է քվեարկել միայն 12 պատգամավոր, մնացածը չեն մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը չի ընդգրկվել խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի օրակարգում: Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու օգտին քվեարկել է միայն 12 պատգամավոր, մնացած պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:




























