Սեպտեմբերի 30-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավորներ Մարտին Սարգսյանը եւ Արա Սիմոնյանը հանդիպել են Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նավահանդեանի ղեկավարած պատվիրակությանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացմանն ու առեւտրի խթանմանն առնչվող հարցեր:
Մոհամմադ Նավահանդեանը տեղեկացրել է վերջին տարիներին վարչարարության շնորհիվ Իրանի տնտեսության ձեռքբերումների ու առեւտրաշրջանառության աճի մասին` հույս հայտնելով, որ երկկողմ տնտեսական ու առեւտրային կապերի զարգացումը ոչ միայն կմեծացնի Հայաստանի ապրանքաշրջանառությունը եւ կխթանի նրա տնտեսության զարգացումը, այլեւ Հայաստանը կդարձնի առեւտրային տարանցիկ երկիր:
Նրա գնահատմամբ` ժամանակն է ծառայություններից անցում կատարել արտադրության ոլորտ` ապահովելով ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների անխափան աշխատանքը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը արգելակող խոչընդոտներ չեն կարող լինել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ընդգծել է, որ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը ռազմավարական խնդիր է եւ տնտեսության ու զբոսաշրջության զարգացման կարեւորագույն նախապայման:





























