Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել 20 հոգու նկատմամբ, ովքեր նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի շրջապատից են կամ նրա հարազատները: Այս մասին նշված է Ղրղըզստանի գլխավոր դատախազության այսօր` սեպտեմբերի 30-ին տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է kg.24-ը:

Հետախուզման մեջ գտնվողների ցուցակը գլխավորում է ինքը` Բակիեւը: Ցուցակում են նաեւ նրա 2 որդիները` Մարատն ու Մաքսիմը, այնուհետեւ գալիս են Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Մարատ Սուտալինովը, նախկին վարչապետ Դանիյար Ուսենովը, Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար, Բակիեւի եղբայր Ժամըբեկ Բակիեւը, Փայզուլաբեկ Ռահմանովը, Ալեքսեյ Ելիսեեւը, Ալեքսեյ Շիրշովը, Փուլաթ Իմինովը, Էրգաշխոջա Իսմաթուլաեւը, Սափարբեկ Պոպովը, Շուհրաթ Ալիբակիեւը, Բակտիբեկ Սադիկովը, Կապար Կուրմանալիեւը, Սափարբեկ Բալկիբեկովը, Ուլյանա Պակը, Սերգեյ Կիմը եւ Անդրեյ Ֆիլատովը:

Նրանք բոլորը բեղադրվում են այս տարվա ապրիլի 7-ին Բիշկեկի կենտրոնում ժողովրդական հուզումների ժամանակ քաղաքացիների զանգվածային սպանություններին առնչություն ունենալու մեջ: Այդ օրը կառավարության շենքը պահպանող ուժերը կրակ էին բացել ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-7-ին Բիշկեկում զանգվածային անկարգություններ սկսվեցին: Մարդիկ դժգոհ էին նախագահ Բակիեւի եւ նրա շրջապատի վարած քաղաքականությունից: Հուզումների արդյունքում Բիշկեկում զոհվեց 82 մարդ, իշխանությունն անցավ ընդդիմությանը: