Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված Արման Լազգիյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան նախօրեին կրկին վիրահատել են:
Ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլեւրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլեւրալ խոռոչի դրենավորում:
Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն եւ 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաեւ կատարվել է պլաստիկ միջամտություն:
«Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից NEWS.am-ին հայտնեցին, որ զինծառայողի վիճակն այս պահին կայուն է: Նրան Գերմանիա տեղափոխելու հարցը որոշ ժամանակով հետաձգվում է:
Նշենք, որ Արմանն արդեն այս շաբաթվա վերջ պետք է տեղափոխվեր Համբուրգ:
Հիշեցնենք, որ չնայած առողջապահության համակարգի ներկայացուցիչների վստահեցումներին, որ Հայաստանում վիրավոր զինծառայողների համար արվում է ամեն բան, Արմանի ծնողները վստահ են, որ թեպետ հայ բժիշկներն իրենց երեխաներին օգնել են եւ իրենց ուժերի սահմաններում արել են ամեն բան, նրանց համար արդյունավետ վերականգնում հնարավոր է կազմակերպել միայն լավագույն եվրոպական կլինիկաներում, քանի որ Հայաստանում վերականգնողական բուժումն այնքան զարգացած չէ, որքան, օրինակ, Գերմանիայում։
Քանի որ ՀՀ կառավարության վերջերս ընդունած որոշումը (վիրավոր զինծառայողներին, որոնց չեն կարող օգնել տեղի բժիշկները, պետք է բուժեն արտասահմանում) չի տարածվում Արմանի եւ Ռուբենի վրա, նրանց ծնողները սկսեցին գումար հավաքել տղաների բուժումը Եվրոպայում ինքնուրույն կազմակերպելու համար։
Առաջին վճարման համար անհրաժեշտ գումարը Արմանի հայրը մի քանի օր առաջ արդեն փոխանցել էր Գերմանիայի կլինիկային։ Նրա խոսքով՝ գումարը հավաքվել էր մասնավոր անձանց վճարումների հաշվին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարների միջնորդությամբ։


























