Այս տարվա վերջին Հայաստանի բնակիչները կիմանան, թե հետուստաալիքներից որոնք կշարունակեն մնալ եթերում, իսկ որոնք կանցնեն անցալի գիրկը: Նոր տարվա նախաշեմին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կհրապարակի թվային հեռարձակման համար լիցենզավորման մրցույթների արդյունքները:

Հիշեցնենք, որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ մրցույթի արդյունքում 2011թ. հունվարից  22-ի  փոխարեն կհեռարձակվի 18 հեռուստաընկերություն: Այսինքն, գործող հեռուստաընկերություններից  4-ը եթերազրկվելու է: Օրենքով նախատեսվում է, որ 18 հեռուստաալիքներից 2-ը հատկացվելու են հանրային հեռուստաընկերությանը, 5 հաճախություններով վերահեռարձակվելու են օտարերկրյա հեռուստաալիքներ, 3-ը հատկացվելու է ժամանցային ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններին, 1-ը ունենալու է մանկապատանեկան ուղղվածություն, 1-ը` մարզային եւ ընդամենը 5 հաճախություններն են ունենալու ընդհանուր ուղղվածություն:

Թե որո՞նք են լինելու փակվող չորս  հեռուստաընկերությունները՝ հայտնի չէ, սակայն, ըստ լուրերի, դրանք  լինելու են «ԱԼՄ»-ն, «TV5»-ը, «Երեւան»-ը եւ «Ար»-ը: