Գերմանացի պատգամավորները մայիսի 17-ին, Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են ՌԴ կողմից Բաքվին վաճառվող ծանր զինատեսակների հարցը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը եւ Համբուգի Ալտոնա համայնքի  ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուն:

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու ծրագրի համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս պահին Հայաստանը եւ Արցախն իրապես ունեն միջազգային հանրության անաչառ եւ օբյեկտիվ գնահատականի կարիքը:

Նա ներկայացրել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, գերմանացի պատգամավորներին տրամադրել փաստաթղթեր, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հաստատող նկարներ՝ նշելով, որ արդեն սկսված է իրավական գործընթաց խոշտանգված եւ գլխատված զինվորների ու կոմբատանտների հարազատների կողմից՝ միջազգային ատյաններում ադրբեջանական զինուժի կողմից կատարվածը որպես ռազմական հանցագործություն որակելու ուղղությամբ:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է միջազգային կառույցներում Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանականների աշխատանքը՝ նշելով, որ, ցավոք, մասնավորապես ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ եւ կողմնակալ դիրքորոշման պատճառով:

Քննարկվել են նաեւ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գերմանիան, որն այնքան ուժ է ունեցել ճանաչելու Հոլոքոստը՝ դրանով եւս մեկ անգամ փաստելով, որ ուժեղ պետություն է, ուղղակի պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որքան էլ որ այսօր եւ մշտապես ակնհայտ է եղել Թուրքիայի հստակ ազդեցությունը Գերմանիայի վրա:

Գերմանացի պատգամավորները բարձրացրել են նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ծանր զինատեսակների հարցը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ խնդիրը բավականին զգայուն եւ ցավոտ հարց է Հայաստանում, ինչին անդրադարձ եղել է եւ դեռ լինելու է: Ուլլա Ելպքեն նշել է, որ իրենց քաղաքական ուժը՝ Ձախերի կուսակցությունը, դեմ է ռազմական գործողություններին եւ կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորումը:

Նա անդրադարձել է Գերմանիայի ուսումնակրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներառման անհրաժեշտությանը: Ելպքեն առանձնակի կարեւորել է իրենց այցն Արցախ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար: