Վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի վիճակը, մայիսի 18-ի գիշերվա վիրահատությունից հետո, կայուն է, բայց այս վիճակում նրա տեղափոխումը ռիսկային է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Արման Լազգիյանին պետք է Գերմանիա տեղափոխեին՝ հետագա բուժման նպատակով: Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, Արմանի մոտ մայիսի 17-ի երեկոյան սուր ստամոքսային արյունահոսություն է սկսվել, ինչից հետո երիտասարդը վիրահատության է ենթարկվել:

Արմեն Մուրադյանի պարզաբանմամբ, մայիսի 17-ին Արմանի մոտ ստամոքսաղիքային արյունահոսություն է սկսվել, բժիշկները փորձել են այն կանգնեցնել պահպանողական մեթոդով, բայց չի հաջողվել: Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հին խոցի տակ, որը վիրահատել են մեկ ամիս առաջ, նոր՝ «սթրեսային խոց» է ձեւավորվել, որը նույնպես հեռացրել են: Դրենավորման միջոցով հեռացրել են նաեւ թոքերում հավաքված հեղուկը:

«Հիմա նա վաղ հետվիրահատական շրջանում է, նրա վիճակը կայուն է, բայց տեղափոխումը շատ ռիսկային է: Մի քանի օր անց պարզ կդառնա, թե երբ է հնարավոր դա անել»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նաեւ հաղորդեց, որ տեղափոխության ընթացքում Արմանին կուղեկցի կլինիկայի ամենափորձառու ռեանիմատոլոգներից մեկը:

Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 17-ին ամբողջ օրվա ընթացքում բժիշկները փորձում էին Արմանի վիճակը կայունացնել առանց վիրահատական միջամտության, բայց չհաջողվեց, եւ կեսգիշերին՝ ժամը 24:00-ին, կոնսիլիում հրավիրվեց եւ անհապաղ վիրահատություն կատարելու որոշում կայացվեց:

«Բժիշկներն ամեն ինչ լավ են արել, Արմանի վիճակը կայուն է, իհարկե, առավոտյան թռիչքի մասին խոսել այլեւս չենք կարող»,- ասաց Միքայել Լազգիյանը։ Նա նաեւ  երախտագիտություն հայտնեց բոլոր այն հայրենակիցներին, ովքեր նվիրատվություն են փոխանցել արտերկրում Արմանի բուժումը կազմակերպելու նպատակով բացված հաշվեհամարին:

Հիշեցնենք, որ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը, որոնք ներկայում «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում են, ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ ողնաշարի վիրավորում են ստացել՝ ողնուղեղի վնասվածքով:

Չնայած Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ այն վիրավոր զինծառայողները, որոնց տեղի բժիշկները չեն կարողանում օգնել, բուժումը ստանալու են այլ երկրներում, առողջապահության նախարարը բազմիցս հայտարարել է, որ այդ որոշումը չի տարածվում Արմանի եւ Ռուբենի վրա, քանի որ նրանց բուժումը հնարավոր է այստեղ կազմակերպել: Ամեն դեպքում, նրանց ծնողները որոշել են ինքնուրույն կազմակերպել որդիների բուժումն արտերկրում, եւ սկսել են միջոցներ հավաքագրել: