Սեպտեմբերի 30-ին, ժամը 03.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի եւ ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 47-ամյա Սուրեն Մ.-ն: Կես ժամ անց թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ստացվել է նմանատիպ մեկ այլ ահազանգ, ըստ որի` կրծքավանդակի մասում կացնից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա Գեւորգ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանում, վիճաբանության ժամանակ, դեռեւս չպարզված հրազենից Սուրեն Մ.-ին վնասվածքը պատճառել է Գեւորգ Մ.-ն, իսկ վերջինիս կացնով հարվածել է Սուրեն Մ.-ն:

Զննությամբ դեպքի վայրից կացինը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: