Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի բացառում, որ մի օր բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում աշխատանքի կգնան հեծանիվով:

«Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ խնդիրներն այդպես էլ կլուծվեն, իրենց ճիշտ ձեւաչափով կլուծվեն»,- այսօր՝ մայիսի 19-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կամ մեկ այլ նախարար պատրաստ է հեծանիվով աշխատանքի գնալու՝ հշավի առնելով այլ երկրների փորձը:

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաների կրճատմանը, Արտեմ Ասատրյանի խոսքով, իրենց նախարարությունում կկրճատվի 41 մեքենա, սակայն սա աշխատանքի գործընթացին որեւէ կերպ չի խանգարի. «Այն բոլոր հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն կքննարկվեն եւ կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ»: