Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիսի կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպությունն այսօր՝ մայիսի 19-ին, իրականացրել է սգո միտինգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի մոտ:
Սգո միտինգին մասնակցել են ՀՀ-ում Հունաստանի դեսպանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիներ:
«Քանի դեռ դահիճը չի պատժվում, մենք պետք է պայքարեն անցյալի Ցեղասպանությունների դատապարտման համար, պայքարենք Թուրքիայի ժխտողականության դեմ, միայն այդ դեպքում միայն չենք ունենա նոր Էրդողաններ եւ Ալիեւներ»,- լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այսօրվա Թուրքիան նույնպես շարունակում է ցեղասպան քաղաքականությունը՝ սատարելով «Իսլամական պետությանը» եւ ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, շրջափակման մեջ պահելով Հայաստանը:
Շարմազանովի խոսքով՝ հայերը եւ հույները միասին պետք է միջազգային հարթակներում պայքարեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունների ճանաչման համար:
Նա հիշեցրել է, որ ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ հայ ժողովրդին առաջին սատարողներից էին հույները, այդ օրերին երկու հույն պատգամավոր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, եղան Արցախում:
Իր հերթին ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիս երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ հույների ցեղասպանության դատապարտմանն աջակցելու համար:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 24-ին ՀՀ խորհրդարանը միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
1916-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում ցեղասպանության զոհ են դարձել, ըստ տարբեր աղբյուրների, 353.000 -ից մինչեւ 600 հազար հույներ:













