Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` մայիսի 19-ին, հետազոտվեցին թվով 30 փաթեթների մեջ գտնվող՝ գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները:
Պաշտպանական կողմի առաջարկությամբ բացվեցին փաթեթները, որոնցում գտնվում էին սպանված կուրսանտի մահճակալի արյունոտ սավանը, նրա մահճակալին հայտնաբերված սպիտակ գծերով սպորտային արյունոտ սեւ տաբատը, դիակի վրայից հանված զինվորական համազգեսը, զինվորական բաճկոնը, մահճակալի ծածկոցը:
Մյուս ապացույցները ներկայացվեցին՝ առանց փաթեթները բացելու, այդ թվում սպանված կուրսանտի մահճակալի վրայից հայտնաբերված սեւ վերնազգեստը, մահճակալի մոտից հայտնաբերված գրիչի միջուկը, անկողնու վրայից հայտնաբերված ածելին, դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերված գրսենյակային դանակ` առանց շեղբի, անձեռոցիկ արյան հետքով եւ պլաստմասե դետալ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված գրասենյակային դանակի շեղբ, մահճակալի աջ կողքին հայտնաբերված արնանամն հետքի նմուշ, 7-րդ աստիճանից վերցված կաթիլային արյան հետքի նմուշ, կաթիլային արնանաման հետք երկրորդ աստիճանի վրա, Բարսեղյանի մահճակալի տակից վերցված թղթի պատռված կտոր, կարմիր գույնի թանաքով արված գրառում, Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտից վերցված արնանման հետքի նմուշներ:
Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ իրեղեն ապացույցների մեջ չկային Հայկազ Բարսեղյանին պատկանող զինվորական կոշիկները, շիշը:
Մեղադրողը հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ իրեղեն ապացույցների մեջ ներառված է նաեւ Հայկազ Բարսեղյանի մահճակալի ներքնակը, որը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի իրեղեն ապացույց ճանաչված առարկաների սենյակում եւ, եթե կողմերը ցանկանում են, կարող են ծանոթանալ:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:





























