4 խոշոր էներգետիկ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունն իրանական շուկայում` համաձայն ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդում ` BBC-ն: Այդ ընկերությունների ցանկում են Royal Dutch Shell-ը, ֆրանսիական Total-ը, նորվեգական Statoil-ը եւ իտալական ENI-ն, որոնք այդկերպ մտադիր են խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից` Ուղղված Իրանում բիզնես ծավալող ընկերությունների դեմ:
Միաժամանակ, ամերիկյան սպառնալիքները չեն կանգնեցրել շվեյցարական Naftiran Intertrade Co ընկերությանը, որը նախընտրել է մնալ Իրանի շուկայում:
Վաշինգնթոնի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը կապված է նրա հետ, որ Թեհրանը հրաժարվել է դադարեցնել իր միջուկային ծրագիրը: Արեւմուտքում կարծում են, որ այդ ծրագրի նպատակը միջուկային զենք արտադրելն է, այնինչ պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ, էներգետիկ նպատակներ:





























