Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի պատրաստվում փոխել Սահմանադրության դրույթը, որը թույլ չի տալիս իրեն 3-րդ անգամ առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարների ու ակտիվի հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ, օրերս Վրաստանի նախագահը խուսափել է լրագրողների հարցից, թե արդյոք, ինքը կդառնա՞ երկրի վարչապետ, նախագահի պաշտոնը թողնելուց հետո, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Սահմանադրական փոփոխությունների փաթեթը Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է նախորդ շաբաթ: «Մենք անցնում ենք ավելի բարդ համակարգի, քանի որ այդ դեպքում համակարգը հենվելու է իշխանության մի քանի կենտրոնների վրա»,- հայտարարել է Սահակաշվիլին եւ հավելել, որ նման մոդելի ընդունումը «վարդերի հեղափոխությունից» անմիջապես հետո «աղետալի» կլիներ, հաղորդում է Civil.ge-ն:
Այդուհանդերձ, նրա խոսքով, անգամ բարեփոխումներից հետո, որոնք ուղղված են իշխանության ապակենտրոնացմանը եւ իշխանության թեւերի լիազորությունների վերաբաշխմանը, նախագահը պետք է ուժեղ լինի:
Սահակաշվիլին ընդգծել է նաեւ, որ այսօր Վրաստանն ունի «առավել կատարելագործված քաղաքական համակարգ», ինչը հնարավորություն է տվել երկրին անցնել նոր սահմանադրական մոդելի:





























