Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները ոչ մի փոփոխություն չեն կրել։ Նման տեսակետ է արտահայտել իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ։ Խոսքը վերաբերում է Սահակաշվիլու Հայաստան այցելության և այստեղ Պատվո շքանշանին արժանալուց հետո Ռուսաստանի քաղաքական շրջանակների կողմից բարձրացրած աղմուկին, ինչը երկու երկրների հարաբերությունների վատացման կասկածների տեղիք էր տալիս։
Միջպետական հարաբերություններում ևս Գալուստ Սահակյանը ոչ մի բացասական երևույթներ չի տեսնում։ «Ռուսաստանի քաղաքական ուժերը կարող են քննարկել: Դա կապված է ռուս-վրացական հարաբերությունների հետ և բնավ կապ չունի մեր ու Վրաստանի հարաբերությունների հետ», ասել է նա՝ հավելելով, որ պետք է ավելի խորացնել Վրաստանի հետ գործընկերությունը։
Անդրադառնալով նաև օրերս Ադրբեջանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կատարած հայտարարությանը՝ թե Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել մոտ ժամանակներս, Սահակյանն ասաց. «Ես հավատացած եմ՝ Ղարաբաղի հարցը կարգավորվելու է, բայց ոչ մոտ ապագայում: Կարգավորման ակտիվությունը նկատելի կլինի միայն 2012թ-ից հետո»։


























