Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի գործով ամբաստանյալ Գառնիկ Հարությունյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ վթարի պատճառն ավտոբուսի արտադրական խոտանն է, ոչ թե վարորդի արագությունը գերազանցելը:
«Մենք կարծում ենք, որ «Քինգ Դելյուքս» ընկերությունը, որին պատկանում էր վթարված ավտոբուսը, մեծ խախտումներ է արել ուղեւորափոխադրումների հարցում: Եթե իրենք օրենքը չխախտեին, այս վթարը տեղի չէր ունենա: Եթե ավտոբուսը տեխնիկապես նորմալ վիճակում լիներ, այս վթարը երբեք չէր լինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբաններից Կարեն Ներսիսյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենք պատրաստվում են դատարանում ապացուցել, որ «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ն այդ ավտոբուսները գնում էր Չինաստանից ցածր արժեքով՝ նախօրոք իմանալով, որ արտադրական խոտան ունի. «Այդ ավտոբուսներից ընդամենը երեքն են արտադրվել, որից հետո արտադրությունը դադարեցվել է: Սակայն նախաքննական մարմինը մեզ չի օգնել՝ պարզելու այս հանգամանքները: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի քննչական մարմիններինը: Դիմել էինք, որ այս հանգամանքները պարզվեն, սակայն անպատասխան են մնացել»:
Նշենք, որ ռուսական կողմն արդեն սկսել է այս գործով դատաքննությունը: Հայաստանի քննչական մարմիններում դեռեւս նախաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։
Ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:





























