Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը Երեւանի Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստական քոլեջում ցուցահանդես-մրցույթ է կազմակերպել «Կապույտ մզկիթ» անվանումով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային խորհրդական Մաջիդ Մեշքին հայտնել է, որ նման միջոցառումները մշակութային փոխանակման լավագույն միջոցներից են: «Հատկապես գեղարվեստի օգնությամբ բավականին հետաքրքիր եղանակով հնարավոր է իմանալ որեւէ մշակույթից տվյալ մարդու տպավորությունների մասին: Կարծում եմ, որ այս գեղեցիկ ցուցահանդեսի նպատակն է նպաստել Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային երկխոսությանը: Երեւանյան «Կապույտ մզկիթը» ոչ միայն պատմական հուշարձան է, այլեւ մշակութային եւ կրոնական », - նշել է Մեշքին: Ցուցահանդեսին, շարունակել է նա, ցույց է տրվել հայ երիտասարդ նկարիչների վերաբերմունքն այդ հուշարձանին: «Միջոցառումը կազմակերպվել է` եւս մեկ անգամ ընդգծելու երկու երկրի մշակութային եւ պատմական ընդհանրությունը», - հավելել է Մաջիդ Մեշքին:
Ժյուրիի որոշմամբ առաջին տեղին արժանացել է քոլեջի ուսանողուհի Շուշան Գեւորգյանը: ««Կապույտ մզկիթը» ինքնին շատ հետաքրքիր կառույց է` մի քիչ այլ մշակույթով: Եվ մզկիթի շուրջ մթնոլորտը լիովին աշխատանքի է տրամադրում», - նշել է նա:







































