«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը մայիսի 7-ից 15-ը հյուրընկալել է միջազգային լրատվամիջոցների 15 ներկայացուցիչների, որոնք ժամանել են Հայաստան եւ մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի եւ դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները:
Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի եւ Թալիշի հրետանակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների եւ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինվորների հետ: Լրագրողները հանդիպել են նաեւ ԼՂՀ մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:
«Որպես լրագրողի՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել նոր մարդկանց ու պատմություններ, որոնց միջոցով աշխարհը պետք է իմանա Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է լրագրողներից Լիուբա Մաքսիմը, ով նշել է, որ մինչեւ ճամփորդությունը աղոտ պատկերացումներ ուներ Արցախի մասին եւ խիստ մտահոգված էր իր անվտանգությամբ:
«Ես կարողացա մոտենալ ու ծանոթանալ մի հակամարտության, որը ընտրովի ու ոչ լիարժեք է ներկայացվում միջազգային հանրությանը»,-նշել է լրագրողներից Մոնիկա Էլենան:
Լրագրողական խումբը կազմված է եղել թերթերի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներից, ովքեր ժամանել են Արցախ Բելգիայից, Իտալիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաեւ թիմին են միացել երկու հանրահայտ ֆոտոլրագրողներ ԱՄՆ-ից:
Թիմը կազմված է եղել հաստիքային եւ ազատ լրագրողներից, որոնք ներկայացնում են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ինչպիսիք են La Stampan-ն, New Business Europe-ը, BBC-ն, NewsWeek-ը, ինչպես նաեւ խմբում են եղել Getty Images ֆոտոբանկի եւ New York Times-ի ֆոտոլրագրողները, անգլալեզու KyivPost-ի խմբագիրները, բուլղարական Btv եւ մոլդովական Atlantic Media հեռուստաընկերության նկարահանող խմբերը:
Այցի շրջանակում լրագրողները ուղիղ ռեպորտաժների միջոցով, եւ ապա իրենց երկրներ ժամանելուց հետո հրապարակել եւ շարունակում են հրապարակել բազմաթիվ նյութեր, որոնց հղումները մասամբ հասանելի են EuFoA-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում:































