Եթե Հայաստանի նախագահը կորցրած 800 հա տարածքը անկարեւոր է համարում, ուրեմն վաղուց պետք է հանձներ այն առանց որեւէ զոհի: Այս մասին մայիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:
Բայց նրա խոսքով հարցն այն չէ ՝ հանձնել տարածքը թե ոչ: «Ինչո՞ւ էին հենց սկզբից ստում ժողովրդին: Եթե մենք գնում ենք խաղաղության հաստատման ճանապարհով, ապա նախագահը պետք է ասեր՝ մենք կշարունակենք բանակցությունները այն դեպքում, եթե վերականգնվեն 1994-ի դրրքերը: Որեւէ այլ բանի մասին խոսելը այս պահին նշանակում է արդարացնել սեփական սուտն ու անկարողությունը»,- շեշտել է Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Վիեննայից վերադառնալիս՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հայկական լրատվամիջոցների հարցերին: Անդրադառնալով տարածքների կորստի թեմային՝ նա նշել է, որ գոյություն ունի քարտեզ, ու արվում են հաշվարկներ: «Եթե մի բան կորցնում ես, պետք է հասկանաս, թե այն ինչ նշանակություն ունի: Ռազմավարական, մարտավարական, թե գուցե հոգեբանական նշանակություն»:Նախագահի խոսքով, Հայաստանի ԶՈՒ կորցրել է 800 հա տարածք եղած 800 000 հա տարածքից,որը օգտագործվում է որպես անվտանգության գոտի: «Այդ 800 հա չունեն որեւէ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:





























