Ունենալով Ադրբեջանի պես հարեւան, որի եկամուտների զգալի մասն ուղղվում է դեպի ռազմական բյուջե եւ սպառազինման, Հայաստանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի Ադրբեջանի եհտ զինված բախման: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով պատերազմի  վերսկսման հավանականությանը: «Պրակտիկայում այսօր գոյություն չունեն այն հիմքերը, որոնք ենթադրել կտան, որ ինչ-որ ժամանակ անց Ադրբեջանը կարող է գնալ նման քայլերի»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ շփման գծում հրադադարի խախտման հաճախակիացող դեպքերը Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարության դետալներից են: «Այսինքն, Ադրբեջանը որոշակի ագրեսիվ քաղաքականություն է վարում, հաշվի առնելով, որ իր սպառնալիքները կարող են տեսականորեն ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, ինչն, ի ուրախություն բոլորիս, որեւէ ազդեցություն չի ունենում: Որովհետեւ միջազգային հանրությունն էլ է  քաջ գիտակցում, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, առաջին հերթին տուժողը լինելու է հենց ինքը՝ պատերազմ սկսողը»: