Թեհրանը, Նյու Դելին եւ Քաբուլը Իրանի մայրաքաղաքում Չաբահար նավահանգստով տարանցիկ եւ տրանսպորտային փոխադրումների զարգացման մասին համաձայնագիր են ստորագրել։ Արարողությանը ներկա են եղել Իրանի եւ Աֆղանստանի նախագահներ Հասան Ռոհանին եւ Աշրաֆ Ղանին, ինչպես նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաձայնագիրը Հնդկաստանին թույլ կտա նավահանգստով հնդկական ապրանքներ բերել Աֆղանստան, իսկ Աֆղանստանից՝ Հնդկաստան։ Մեքրան ազատ տնտեսական գոտում գրանցված է 130 աֆղանական ընկերություն, որոնք պատրաստ են Իրանի տարածքով բեռներ տեղափոխել, փոխանցում է ԻՐՆԱ-ն։

Հասան Ռոհանիի խոսքով՝ համաձայնագիրը նոր էջ է բացում եռակողմ համագործակցության մեջ, իսկ համատեղ ներդրումները նպաստում են նոր միջազգային տարանցիկ միջանցք ստեղծելուն։

«Փաստաթուղթը լայն հնարավորություններ է բացում այլ պետությունների համար։ Համաձայնագիրն ուղղված չէ որեւէ 3-րդ երկրի դեմ, սակայն ուղղված է շահագրգիռ կողմերի համագործակցությանը»,- նշել է նախագահը։