Ուկրաինայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որտեղ նշել է, որ 2004-ի քաղաքական ռեֆորմը, ըստ որի Ուկրաինան նախագահական-խորհրդարանականից վերածվել էր խորհրդարանական-նախագահական հանրապետության, ընդունվել է օրենսդրության խախտումներով:
ՍԴ-ն վճռել է, որ հակասահմանադրական ճանապարհով ընդունված թիվ 2222-IV օրենքի գործողության ժամկետը դադարում է: Դատարանն իր որոշմամբ, միաժամանակ, պարտադրել է պետական իշխանության մարմիններին՝ անհապաղ ընդունել 1996 թվականին ընդունված Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխանող իրավական-նորմատիվ ակտեր, այսինքն, այն Սահմանադրության, որը գոյություն է ունեցել մինչեւ 2222 – IV օրենքի ընդունումը:
Նշենք, որ 2004 թվականին քաղաքական պայքարի ալիքի վրա ընդունված սահմանադրական փոփոխությունը քաղաքական դիմակայության պատճառ էր դարձել մի կողմից նախագահի, մյուս կողմից նախարարների կաբինետի եւ խորհրդարանի միջեւ: Վիկտոր Յուշչենկոն, որը երկիրը նախագահում էր 2005-2010 թվականներին, մտադիր էր այլ քաղաքական բարեփոխում իրականացնել, իրեն վերադարձնելով լիազորությունների մի մասը, սակայն նրան դա անել չհաջողվեց: Իսկ արդեն 2010-ին, նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ պետք է անհապաղ դադարեցնել 2004 թվականի սահմանադրական բարեփոխումների գործողությունն ու ամրագրել նախագահի լիազորությունները:




























