Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 1-ին ընդունել է Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանի գլխավորած պատվիրակությանը։ Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ու ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ընդգծելով ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Մասնավորապես, Մոհամմադ Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը ու գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը ողջունել է կառավարության ղեկավարը։ Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Իրանի մասնավոր հատվածների միջեւ կապերի ակտիվացումը ու առեւտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։ Այդ համատեքստում քննարկվել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն Իրան։ Մոհամմադ Նահավանդիանը հրավիրել է Տիգրան Սարգսյանին Թեհրան կատարելիք այցի շրջանակներում այցելել Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատ` իրանցի գործարարներին Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնելու համար։