ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մայիսի 23-ին հանդիպել է  ռուսաստանյան АРМРОСС ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի և Կարեն Ներսիսյանի հետ եւ քննարկել Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու հարցերը:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկայացվել է ռուսաստանյան տարբեր դատական ատյաններում և քննչական մարմիներում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված ասոցիացիայի գործունեությունը: Քննարկվել են նաև 2015թ. նոյեմբերի 3-ին Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու շուրջ հարցեր:

Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը: Տեղեկացվել է նաև, որ քաղաքացու դատապաշտպանները մտադիր են դատարան դիմել՝  վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննում անցկացնելու նպատակով: 

Առաջիկա դատական լսումներն այս գործով տեղի կունենան մայիսի 24-ին և 26-ին:

Հանդիպմանը քննարկվել են նաև АРМРОСС ասոցիացայի կողմից ՀՀ քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շուրջ հարցեր, այդ թվում նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում նույն ասոցիացիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար պարբերաբար իրավաբանական խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը: