Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պնդել է, որ քանդվեն չորս հարեւան տները, որոնք փակում են Կալիֆորնիայի նահանգի  Պալո Ալտո քաղաքում նրա առանձնատնից բացվող տեսարանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ամերիկյան   Fox News հեռուստաալիքին:

Դրանց փոխարեն, 32-ամյա միլիարդատերը նախատեսել է չորս այլ տուն կառուցել, որոնց ընդհանուր մակերեսը գրեթե մեկ քառորդով փոքր կլինի: 

Թե աշխարհի ամենաժողովրդական սոցցանցի հիմնադրի համար որքան կարժենա նման վերապլանավորումը, ալիքը չի ճշտում, սակայն հայտնի է, որ   2013-ին Ցուկերբերգը ավելի քան   30 մլն դոլար է ծախսել սեփական նստավայրի մոտերքում գտնվող բոլոր տները գնելու վրա: Հենց որ նա գնել է հիմնական տունը, իմացել է, որ անշարժ գույքի գործակալությունները նախատեսում են մի քանի շինություն կառուցել, որոնցից հնարավոր կլիներ հետեւել, թե ինչ է տեղի ունենում Ցուկերբերգների տանը: 

Fox News-ը ճշտում է, որ ինքը` 464,5 քմ մակերեսով առանձնատունը ընդամենը  7 մլն դոլար արժեր:

Մարկ Ցուկերբերգը Facebook ընկերությունը հիմնադրել է 2004-ի փետրվարի  4-ին Հարվարդից երեք համակուրսեցու հետ:  Տասը տարվա ընթացքում Facebook-ն ուսանողական փոքրիկ ցանցից վերածվել է գլոբալ սոցիալական ցանցի  1,6  մլրդ մարդ ամենաօրյա լսարանով: