Թուրքիայի Անթալիա նահանգի ժանդարմերիայի կողմից իրականացված գործողությունների շրջանակում «Սավարոնա» նավի վրա մարմնավաճառությամբ զբաղվող 9 ռուս եւ ուկրաինացի կանայք տեղափոխվել են դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  բացի 9 կանանցից, նավի վրա եղել են նաեւ ռուսական հայտնի երաժշտական խմբի 4 անդամներ, որոնց չեն հրավիրել դատախազություն։

Դատախազությունում հարցաքննության մասնակցելու համար 9 կանանցից պահանջվել է հանձնել հեռախոսները՝ նոր մտնել սենյակ, սակայն մեկը հրաժարվել է դա անել։ Թուրք ոստիկանը ռուսերենով խնդրել է հանձնել հեռախոսը եւ ձեռքը մեկնել՝ հեռախոսը վերցնելու համար։ Այդ պահին ռուս կինը բղավել եւ կծել է թուրք ոստիկանի պարզած ձեռքը։ Այդ աղմուկի վրա, դուրս է եկել դատախազը եւ տեղեկանալով, թե ինչ է տեղի ունեցել՝  կնոջ նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։ 

Բերման ենթարկվածների թվում են օտարերկրացի գործարարներ։ Ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես Ղազախստանի վարչապետի օգնական։ Աղջիկներին նավի վրա աշխատելու են ուղարկել արտասահմանյան մոդելային գործակալությունները:

Նշենք, որ «Սավարոնա» նավը ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով կառուցվել է 1931 թվականին։ Նավը 7 տարի ճանապարհորդել է Ատլանտիկայով եւ Միջերկրական ծովով։ 1938 թվականին այն գնել է թուրքական կառավարությունը եւ տվել Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքին։ Նավի վրա անցկացվել են կառավարության նիստեր, օտարերկրյա առաջնորդների ընդունելություններ։ Աթաթուրքի մահվանից հետո, նավը տրվել է ծովային վարչակազմին։ 1989 թվականին այն 49 տարով վարձակալվել է Ղահրաման Սադիքօղլուի կողմից։