Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ստեղծեն գործող երկկողմ բլոկ, որպես միջազգային կառույցներին այլընտրանք, որոնց անդամակցում են երկու երկրները: Նման տեսակետ հայտնեց Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը «Հայ-ռուսական համագործակցություն» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ: Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համատեղ ուժերով մշակեն Հարավային Կովկասում միասնական անվտանգության ռազմավարություն, որին պետք է հետեւեն բոլոր մնացած պետությունները:
«Հայաստանը, բացի Բելառուսից, միակ երկիրն է, որը հետխորհրդային շրջանում պահպանել է հավատարմությունը Ռուսաստանին»,-նշեց փորձագետը:
Խոսելով Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին, նա ընդգծել է, որ այդ բազայի ներկայությունը կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում ե՜ւ Ադրբեջանի, ե՜ւ Վրաստանի: «Հստակ չէ, թե ո՞վ իր արյունոտ ձեռքը կխրեր տարածաշրջան, եթե Ռուսաստանը ներկա չգտնվեր այստեղ»,-նշեց փորձագետը: Նրա խոսքով՝ Թուրքիան նույնպես հետաքրքրված է տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությամբ, քանի որ «եթե չլիներ Ռուսաստանը, Սեւ ծովը վաղուց վերածված կլիներ Ամերիկյան ծովի»,-վստահեցրեց Տրոֆիմչուկը:





























