Շախմատային Օլիմպիադա-2010-ը բացառիկ է մասնակից ուժեղագույն գրոսմայստերների կազմով: Համաշխարհային դասակարգման առաջին 25 շախմատիստներից բացակայում է միայն 3-րդ համար Վիշի Անանդը: Այդ պատճառով առաջին խաղատախտակի ոսկե մեդալն այս անգամ չափազանց ծանրակշիռ կլինի: Աշխարհի 24-րդ շախմատիստ Նավարոյի նկատմամբ այսօր տարած հաղթանակի շնորհիվ 4-րդ համար Լեւոն Արոնյանը պահպանում է ոսկե մեդալը նվաճելու իրական հնարավորություն:
Նրա մրցակիցը Ուկրաինայի առաջատար Վասիլի Իվանչուկն է, որը 10-րդ տուրի պարտիան դեռ չի ավարտել: Իսկ այսօր գրանցվեցին մի քանի հետաքրքիր արդյունքներ առաջին համարների մասնակցությամբ: Սլովակիայի առաջատար Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով պարտության մատնեց աշխարհի երկրորդ շախմատիստ, բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Պարտություն կրեց նաեւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը սեւերով տանուլ տվեց Ռուսաստանի չորրորդ հավաքականի խաղացող Սանան Սյուգիրովին:





























