Բելառուսում կալանավորվել է Ռուսաստանից ուղարկված սուրհանդակը, ով կաշառք էր բերել՝ ընդդիմությանը փոխանցելու համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է մամուլի ասուլիսում: Նա կարծիք է հայտնել, որ ռուսական փողերը Բելառուս են հոսում Լիտվայից, Լեհաստանից եւ Գերմանիայից, որտեղ ընդդիմության աջակցության համար հարթակներ են ստեղծվում: «Այսօր նրանք (բելառուսական ընդիդմությունը) եւս մեկ հովանավոր ունեն՝ Ռուսաստանի բիզնեսը: Մենք գիտենք, թե ովքեր են այդ գումարները վճարում, քանի որ ժամանակ առաջ նման մի սուրհանդակի՝ 200 հազար դոլարով հանդերձ ձերբակալել էինք: Նա օրենքի խախտմամբ գումար էր բերել երկիր»,-հավելել է Լուկաշենկոն:
Ինչպես հայտնում է vz.ru-ն, Բելառուսի նախագահը զարմանք է հայտնել առ այն, որ ռուսական հեռուստաալիքներով բելառուսական ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալու հնարավորություն է տրվում, «մարդկանց, ովքեր տանել չեն կարողանում Ռուսաստանին»: Նա միաժամանակ հավելել է, որ «դրանք մարդիկ են, ովքեր երեկ եւ այսօր դրամաշնորհներ են ստանում Արեւմտյան Եվրոպայից»: Լուկաշենկոյի խոսքով՝ եթե նախկինում ռուսական լրատվական դաշտը բելառուսական թեմայի քննարկման համար փակ էր, ապա այժմ, ցավոք, նպատակաուղղված ներծծված է անամոթ ստերով, ապատեղեկատվությամբ եւ հորինվածքներով: Լուկաշենկոն կատակել է, ասելով, թե «եթե ինչ-որ մեկը Ռուսաստանում ավելորդ փողեր ունի, ապա թող վճարի, դա նույնպես ներդրում է մեր երկրում»:
«Այդ ընդիմադիրները ինչ-որ բան գնում են բելառուսական շուկայից»,-ասել է նա: Բելառուսի նախագահը կարծում է, որ զուր են ռուս քաղաքական շրջանակների ջանքերը՝ Բելառուսը ներկայացնել որպես Ռուսաստանի հացկատակ, իսկ այդ երկրի նախագահին՝գող, մարդասպան ու դավաճան:





























