Այսօր՝ հոկտեմբերի1-ին տեղացած հորդառատ անձրեւի պատճառով չի կայացել Հայ ազգային կոնգրեսի նախատեսած երթը: Երթը պետք է մեկնարկեր Սարյանի արձանին հարող պուրակից՝ դեպի ԵԽԽՎ երեւանյան գրասենյակ:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ մի քանի պատվիրակների գլխավորությամբ ԵԽԽՎ երեւանյան գրասենյակին է հանձնվել նամակ-պահանջը, որը Կոնգրեսը հավանության էր արժանացրել սեպտեմբերի 29-ի քաղխորհրդի նիստում: Այդ նամակ-պահանջում առաջարկվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին՝ հոկտեմբերի 4-ի իր նիստում քննարկել ՀԱԿ ներկայացրած ժամանակացույցը, որում ներառված են հետեւյալ պահանջները՝ քաղաբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ա1+ հեռուստաընկերության վերաբացում, հանրահավաքների, երթերի ազատության ապահովում, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Նամակի հանձնումից հետո ՀԱԿ համակիրները հավաքվել են Սարյանի արձանի մոտ: