Թեեւ սեպտեմբերի վերջին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պետք է սահմաներ պարտադիր ավտոապահովագրության դեպքում ավտոմեքենաների սեփականատերերի տարեկան վճարների չափը, սակայն բյուրոն առայժմ հրապարակել է միայն այդ սակագների հաշվարկի նախագիծը, որը դեռ պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի կողմից։
Հետեւաբար՝ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության կիրառումն անորոշ ժամկետով հետաձգվում է (այն նախատեսվում էր սկսել հոկտեմբերի 1-ից)։
Այս կապակցությամբ, Կենտրոնական բանկը խոստացել է հանդես գալ պարզաբանումներով։
Ըստ ներկայացված նախագծի՝ հիմնական ապահովագրավճարը տատանվում է 37.3-39.9 հազ. դրամ (102-110 դոլար) միջակայքում: Սակայն այդ մեծության նկատմամբ դեռ պետք է կիրառվեն գործակիցներ։ Օրինակ՝ տաքսի մեքենայի գործակիցը 1,44 է, մինչեւ 23 տարեկան 3 տարուց պակաս վարորդական ստաժ ունեցող վարորդինը՝ 1,47, մեծ ձիաուժ (230-ից ավելի) ունեցող ավտոմեքենայի դեպքում՝ 1,45 եւ այլն։
Այս գործակիցների կիրառման դեպքում նվազագույն ապահովագրավճարը կկազմի 21,8 հազ. դրամ (մոտ 60 դոլար), իսկ առավելագույնը՝ 133,02 հազ. դրամ (մոտ 366 դոլար)։




























