Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացի տուժել է հոկտեմբերի 1-ին Պակիստանում ՄԱԿ-ի ուղղաթիռի վթարի հետեւանքով: Ինչպես հայտնում է AP գործակալությունը, ուղղաթիռում եղել է 13 մարդ:

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Պակիստանի Սինդ նահանգում: Այն սննդամթերք էր տեղափոխում ուժեղ ջրհեղեղի պատճառով բերքից զրկված  Սինդի բնակիչներին: Թռիչքի ընթացքում հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն եւ օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել ջրի վրա: Ուղղաթիռում գտնվողները տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել: Պակիստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ տուժած ՌԴ քաղաքացիները տեղափոխվել են Կարաչի քաղաքի հիվանդանոց: Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Բացի ռուսներից ուղղաթիռում եղել են նաեւ պակիստանցիներ, սուդանցիներ ու ավստրալացիներ: