Մոսկվայի կենտրոնում առաջին անգամ կայացել է գեյ-ակտիվիստների պիկետը, որին մասնակցել է 15 մարդ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հանրահավաքը կայացել է Swiss Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ:

Գեյ-շարժման ղեկավար Նիկոլայ Ալեքսեեւի պնդմամբ, 2010-ի սեպտեմբերին հենց Swiss Airlines ընկերության չվերթից օգտվելու ժամանակ են ձերբակալել իրեն: Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում Ալեքսեեւին չեն վերադարձրել ուղեբեռը, որով նա պետք է թռչեր Ժնեւ: Նրա խոսքով, ինքը մտադիր է հայց ներկայացնել շվեյցարական ավիաընկերության դեմ` ուղեւորափոխադրման մասին պայմանագիրը խախտելու համար:

Ձերբակալելուց հետո Ալեքեեւին համոզել են հրաժարվել Մոսկվայի իշխանությունների դեմ Եվրոպական դատարան բողոքելու մտքից, որոնք արգելում էին հրապարակային միջոցառում անցկացնել Մոսկվայի կենտրոնում:

Ալեքսեեւը հայտարարել է, որ ակցիայից առաջ «Ազգային հավաք» շարժման անդամները սպառնացել են սպանել իրեն:

Նա արդեն երկար ժամանակ է, որ փորձում է հրապարակային միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալ Մոսկվայի իշխանություններից, բայց դա հաջողվեց միայն Լուժկովի հեռանալուց հետո: Կենտրոնական ադմինիստրատիվ օկրուգի պրեֆեկտուրայում այս կապակցությամբ ասել են. «Հայտը ներկայացրել է քաղաքացի Նիկոլայ Ալեքսեեւը օրենքի բոլոր նորմերի համապատասխան: Մենք չգիտենք, թե նա ինչ սեռական կողմնորոշում ունի»: