Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որի օգտին քվեարկել է 125, դեմ` 4 պատգամավոր:

Ներկայացնելով օրինագիծը, Վրաստանի արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին հայտարարել է, որ նախագծում ներառվել են բոլոր այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են առաջին ընթերցման ժամանակ եւ ռացիոնալ են համարվել:  

Նոր օրինագծով երկրի նախագահն իրավունք չունի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, հետեւաբար նաեւ պահանջել, որ որեւէ հարց արտահերթ քննարկվի խորհրդարանում:

Ի թիվս այլոց, օրինագծում տեղ է գտել նաեւ ընդդիմության հետ համաձայնեցված դրույթը, որն արգելում է երկրի նախագահին կուսակցական պաշտոն զբաղեցնել, բայց նա կարող է լինել շարքային կուսակցական: Նախագահը նաեւ իրավունք չի ունենալու հրավիրել արտահերթ նստաշրջաններ կամ խորհրդարանի նիստեր:

Փակ քննարկումների արդյունքում խորհրդարանի մեծամասնությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել երկու հարցում: Առաջին. կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգի ժամկետը կրճատվել է մինչեւ 20 օր: Երկրորդ. 2012 թվականի գումարման խորհրդարանը կառավարությունը պետք է վստահության քվե տա ներկա Սահմանադրության դրույթներով:

Վրաստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ նույն թվականին կայացած կլինեն նախագահական ընտրությունները: